«Սահմանին դեռևս լարվածությունը պահպանվում է։ Դրա մասին մենք ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել»,-այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում տեղյակ են, որ հնարավոր է ցանկացած պահին գոյություն ունեցող լարվածությունը գա վերահսկողությունից։
Գրիգորյանը հայտնել է, որ ՊՆ-ն ընդհանուր իրավիճակի, միջադեպերի մասին տեղեկատվությունը փոխանցում է հանրությանը, և դա լինելու է շարունակական։ «Ինֆորմացիան, որ պարբերաբար մեդատիրույթում շրջանառվում է, ադրբեջանական կողմից է նետվում։ Երբեմն ընդդիմությունն էլ է օգնության հասնում ադրբեջանական կողմին։ Ես որոշակի համբերության կոչ եմ անում հանրությանը, մինչև իրավիճակը կշտկվի»,-նշել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքի ուշացմանը, Գրիգորյանը նշել է, որ գործընթաց է սկսվել, հայկական կողմը շարունակում է ակնկալել, որ ՀԱՊԿ-ն իր առաքելությունը կկատարի։ «Պրոցեսն այն փուլում է, որ պետք է լինի ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ նախարարների կոմիտեի հանդիպում, այնուհետև այդ երկրների ԱԽ քարտուղարների խորհրդի հանդիպում։ Մենք այնուհետև կշարունակենք գործընթացը։ ՀԱՊԿ-ը նաև պարտավորույուն ունի առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որպեսզի ծանոթանա իրավիճակին»,-հայտնել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նշել է, որ ՌԴ նախագահը ևս կիսում է այն մոտեցումը, որ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքը։
Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։
Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ։