«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ փոխկապակցված պարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, մեզ կաջակցեն այս գործընթացում, այդ թվում՝ ռազմական առումով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններում լարվածության խնդրին։
Նա անտրամաբանական պնդում համարեց, թե հայկական կողմը ոչ մի բան չի անում սահմանին ստեղծված իրավիճակը հարթելու համար։
«Մենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ՀԱՊԿ պայմանգրի 2-րդ հոդվածով և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային պայմանգրի հիման վրա ենք դիմել։ Նաև մեր գործընեկերներն են կոչ արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,-նշեց Ռուբինյանը։
Նա չբացառեց, որ ստեղծված իրավիճակը կարող է տանել նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին իմի նաև 4-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։
Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։