Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ ստացել է ադրբեջանցիների կողմից Հայաստան ներխուժելու դեպքի առթիվ գլխավոր դատախազին իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման «պատասխանը»։
«Նշեմ, որ 20․05․2021թ․՝ գիշերը ժամը 02։57-ին, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ ՊՆ նախարարի, գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, հայ զինվորի և հայ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։
26․05․2021թ․ Սևանի կայազորի զինվորական դատախազությունից ստացել եմ գրություն, որ իմ հաղորդումը գլխավոր դատախազությունից իրենց հասել է միայն 5 օր անց՝ մայիսի 25-ին։ Փաստորեն 5 օր գլխավոր դատախազությունը անգործության էր մատնված և որևէ կերպ այս հաղորդմանը ընթացք չէր տալիս։ Իհարկե պատճառներն առավել քան ակնհայտ են և դրանց օրենքով սահմանված կարգով դեռևս կանդրադառնամ։
Սակայն ներկայումս «պատասխանի» մասին։
Հաղորդման մեջ վկայակոչել էի ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ, 300․2-րդ, 365-րդ, 375-րդ և 376-րդ հոդվածները և պահանջել էի այդ հոդվածներով քրեական գործեր հարուցել։
Դատախազությունից հայտնել են, որ նշվածներից քրեական գործեր են հարուցվել 300․2-րդ, 365-րդ և 376-րդ հոդվածներով, իսկ քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանություն) և 375-րդ (իշխանության չարաշահելը, իշխանազանցությունը կամ ինշխանության անգործությունը) հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել։
Ընդ որում, քրեական գործերը հարուցվել են ոչ թե ՀՀ ՊՆ նախարարի, գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ և 376-րդ հոդվածներով՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների և պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների վերաբերյալ։
Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ դեպքերին նախորդող և հաջորդող իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ վերը նշված անձանց գործողությունները կատարվել են ավելի բարձր ղեկավարության՝ գլխավոր շտաբի պետի և ՊՆ նախարարի ցուցումներով և հրամաններով, որոնց էլ համապատասխան հրահանգներ տվել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաստորեն դատախազությունը խուսափել է այնպիսի հոդվածներով քրեական գործեր հարուցելուց, որոնք ակնհայտորեն կվերաբերեն ՊՆ կորպուսի անձակազմից վերև գտնվող պաշտոնատար անձանց ենթադրյալ հանցագործությունների կատարմանը։
Իհարկե, հիմա էլ կպարզաբանեն, թե իբրև այդ գործերի շրջանակում նշված անձանց կողմից ենթադրյալ հանցավոր գործողությունների կատարման փաստերն էլ ստուգման են ենթարկվելու, սակայն դա ակնհայտ սուտ կլինի, քանզի միայն այն փաստը, որ Հայրենիքի համար այս կարևորագույն հարցերի վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերի քննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեի Սևանի կայազորային քննչական բաժնին, արդեն իսկ վկայում է, որ որևէ նպատակ էլ չկա իրական և օբյեկտիվ քննություն կատարելու։
Խնդրում եմ վկայակոչել այն միակ բանական մարդուն, ով չնչին վստահություն ունի, որ Սևանի կայազորային քննչական բաժինը նախ ի վիճակի է քննել այս՝ արագ և հսկայածավալ քննչական և դատավարական գործողությունների կատարում պահանջող քրեական գործերը, ապա նաև ի վիճակի է անկախ և օբյեկտիվ քննություն կատարել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, ՊՆ նախարարի և առավել ևս վարչապետի պաշտոնակատարի կողմից ենթադրյալ հանցագործությունների կատարման փաստերի վերաբերյալ։
Եվ վերջում, հարկ եմ համարում նշել, որ իմ հաղորդումը միայն 5 օր անց Սևանի կայազորի զինվորական դատախազություն ուղարկելու նպատակն ակնհայտորեն եղել է այն, որպեսզի հետագայում հայտնեն, թե իբրև իրենց նախաձեռնությամբ են քրեական գործերը հարուցել՝ այդ կերպ փորձելով այնպես անել, որ ես՝ որպես հանցագործություն մասին հաղորդում ներկայացրած անձ, այդ քրեական գործերի քննության ընթացքում չկարողանամ օգտվել որևէ դատավարական իրավունքից։
Իհարկե, դա ևս նրանց չէր ազատում հանցագործության մասին հաղորդումը քննարկելու և դրա վերաբերյալ օրենքով սահմանված որոշում կայացնելու պարտականությունից, ինչը օրենքի խախտմամբ դատախազությունը չի կատարել, ուստի դատախազության անգործությունը պատրաստվում եմ բողոքարկել դատարան»,- գրել է Երեմ Սարգսյանը։