Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, դեսպանատան ռազմական կցորդի, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Դեսպանը նշել է , որ ճանապարհին այցելել է ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին ու կարևորում է նրանց ներկայությունն այստեղ՝ բնակչության անվտանգության ապահովման առումով։ Կողմերը զրուցել են ներկայումս Սյունիքի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։ Կոպիրկինի խոսքով Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ու ընդգծել է Սյունիքի հատուկ ռազմավարական դերը։ Դիվանագետը գնահատել է մարզի տնտեսական մեծ ներուժը ևս, որում այսօր ներկայություն ունի նաև ռուսական կապիտալը։
Մելիքսեթ Պողոսյանը ռուսական կողմին անվտանգային ու սահմանային խնդիրների լուծման հարցում ավելի գործուն մասնակցության առաջարկներ է արել ։ Մարզպետը ուշադրություն է հրավիրել նաև մի շարք հարցերի վրա,այդ թվում հակառակ կողմի մեր տարածք ներխուժման ու բանակցությունների ժամանակ վկայաբերվող կեղծ քարտեզների, սահմանային հատվածներում չեզոք գոտու բացակայության ու մեր ճանապարհներին զինված ադրբեջանցիների առկայության։ Մարզի ղեկավարը խնդրել է հյուրերին նաև քայլեր անել ռուս զբոսաշրջիկների հոսքն ու հետաքրքրվածությունը դեպի Սյունիք ուղղելու հարցում, քանի որ հետպատերազմյան շրջանում Սյունիքում երբեմնի ակտիվ զբոսաշրջային ոլորտը վտանգված է։
Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ռուսական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ գրեթե ամեն օր նրանց միջամտությամբ խնդիրներ են հարթվում։