Այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզում իր համախոհների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով ՀՀ ԶՈՒ սպառազինությունից ասաց, որ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIRPI) հրապարակման համաձայն՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 3 մլրդ 274 մլն դոլարի սպառազինություն, իսկ Հայաստանը՝ 398 մլն դոլարի։ Ըստ կենտրոնի՝ հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը իրականացվել են 2018 թվականից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներմուծել է 248 մլն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներմուծվածի 62,3%-ը։
Ապա անդրադառնալով Հայկական բանակին, նշեց, որ 2018-ի դրությամբ՝ Հայաստանի զինված ուժերում սպայական կազմի պակաս կար:
«2018-ի դրությամբ ցածր սպայակազմի հաստիքների հսկայական մասը թափուր էր: Մենք բանակում սպաներ չունեինք, – ասաց Փաշինյանը ՝ ընդգծելով, որ չի կարող նշել կոնկրետ թիվ, քանի որ պետական գաղտնիք է. «Բայց պատկերացրեք ինչ թիվ է, որ ես դրան հատուկ անդրադառնում եմ»: