Ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների։ Մեր որոշ սահմանամերձ բնակավայրերում բնակիչները սպառնալիքի տակ են։ Նախօրեին ՄԻՊ-ը հայտարարեց, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն Armenia Today-ի հետ զրույցում մի քանի հանգամանք առանձնացրեց․
«Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել սահմանամերձ շրջաններում՝ դրանով փորձելով նաև լուծել հայաթափման խնդիրը։ Երկրորդ՝ իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում։ Մենք արդեն լսեցինք տեղեկություններ այն մասին, որ տարբեր ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Թեպետ մեր ՊՆ-ն հայտարարեց, որ այդ աշխատանքներն Ադրբեջանի սուվերեն տարածքում են, այնուամենայնիվ, եթե անգամ դա այդպես է, ապա իրենց հեռահար պլաններում առաջ գալու, մեր դիրքերում, մեր տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելու, ամրապնդվելու նպատակներ ունեն։ Եթե անգամ այսօր դա չանեն, որոշ ժամանակ անց անելու են»։
Անդրադառնալով մայիսի 12-ից ստեղծված իրավիճակին, ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին ու այս փուլում նշված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության բացակայությանը՝ Մանգասարյանը նշեց․
«Եթե երկու բառով մեկնաբանենք, ապա ինձ մոտ տպավորություն է, որ մեր ռազմաքաղաքական իշխանությունն ուղղակի չի տիրապետում իրավիճակին։ Սկզբից ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում էր, որ հակառակորդը շրջափակման մեջ է, մատակարարման բոլոր ճանապարհները մեր վերահսկողության տակ են։ Առաջնային տպավորությունն այնպիսին էր, որ այդ զինծառայողները երկար չեն ձգելու ու հնարավոր է նաև սովից մահանան։ Հետո պարզվեց, որ շրջափակման մեջ գտնվող ստորաբաժանումն ունակ է գերի վերցնել մեր տղաներին, ավելին՝ առևանգել նրանց մեր տարածքից, ինչը ռազմական տեսանկյունից աբսուրդի ժանրից է։ Դրանից հետո տարածվեցին տեղեկություններ, ըստ որոնց՝ հակառակորդն արդեն տարբեր սադրանքների է դիմում, կրակոցներ են լինում, մենք արդեն զոհեր, վիրավորներ ունենք։ Միևնույն ժամանակ, նույն պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ մենք կարևոր խնդիրը լուծել ենք, և այս փուլում կրակոցներ չկան»։
Այս ամբողջը համադրելով՝ նա ընդգծեց, որ գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։
«Այսօր մեր սպառնալիքները չափազանց մեծ են։ Նույնիսկ սահմանամերձ բնակավայրերից հեռու գտնվող բնակիչներն իրենց ապահով չեն զգում, քանի որ տեսնում են, որ հակառակորդն ամեն օր մետր առ մետր, կիլոմետր առ կիլոմետր առաջ է գալիս ու տեղավորվում տարբեր տեղերում։ Պետության առջև դրված խնդիրը գործող իշխանություններն ուղղակի ունակ չեն լուծել, ունակ չեն դիմակայել նման ծանր մարտահրավերների։ Այս փուլում ոչ մի խնդիր չենք էլ լուծի, եթե անգամ վարչապետի պաշտոնակատարը փոխի պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ու նրա փոխարեն նշանակի նրա տեղակալին։ Միևնույն է, ընդհանուր համակարգը նույն ոճով է գործելու, գործող իշխանության կողմից որևէ արդյունավետ քայլ չի կարող լինել»,-ասաց նա։
Վիտալի Մանգասարյանը հավելեց, որ իշխանափոխությունից հետո հաջորդ իշխանությունների առջև առաջնահերթը պետք է, բնականաբար, անվտանգային հարցերը լինեն․ «Պետք է համախմբեն բոլոր կարող անհատներին և ուժերին, վերացնեն հասարակության այս պառակտված մթնոլորտը։ Հետո պետք է փորձեն պետությանը դնել այնպիսի ռելսերի վրա, որ մեր հանրությունը հինգ, տասը տարի հետո կհասկանա, պատկերացնի, թե մեր պետությունը ուր է գնում և խնդիրների ինչ համախումբ է փորում լուծել»։