«Միգուցե մեր խմբակցության անդամները, ովքեր այս պահին գործուղման մեջ են, մոռացել են իրենց ստորագրությունը թողնել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին իմ մշակած օրինագծի տակ։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամ Աննա Կարապետյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ խորհրդարանն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ չի ընդունել օրենքի ուժով Ազգային ժողովի նախագահին անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք տրամադրելու մասին օրինագիծը։
Աննա Կարապետյանը նշեց, որ իրեն զարմացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների դիրքորոշումը քվեարկության ժամանակ, որոնք նախօրեին, ըստ նրա, դրական են արտահայտվել այդ օրինագծի վերաբերյալ:
Պատգամավորը հայտարարեց, որ քանզի Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, ԱԺ նախագահը պետք է իրավունք ունենա մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
Կարապետյանը նաև նշեց, որ այս օրինագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից:
«Չգիտեմ՝ արդյոք մենք կշարունակենք առաջ տանել այդ օրենսդրական նախաձեռնությունը։ Խմբակցությունը մոտ ժամանակներս կկողմնորոշվի այդ հարցի շուրջ», – եզրափակեց պատգամավորը:
Նշենք, որ խորհրդարանը նոյեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ մերժել էր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ ԱԺ նախագահը օրենքի ուժով իրավունք է ստանում մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է եղել առնվազն 80 ձայն, մինչդեռ «կողմ» է քվեարկել 66 պատգամավոր, « դեմ»՝ 14 – ը, 20-ը ձեռնպահ է մնացել: