ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Չնայած ամենաբարձր մակարդակով կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ լավատեսական նոտաների առկայությանը, այս շաբաթ կառավարությունը որոշեց ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգել մարտ ամսից ՀՀ-ում գործող արտակարգ դրության իրավական ռեժիմը։
Այնուհանդերձ վերանայվեցին մինչ այժմ գործող մի շարք սահմանափակումներ՝ կապված հավաքների ազատության, ընտանեկան միջոցառումների կազմակերպման, սահմանային հատումների հետ կապված։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ շարունակվում է վիրուսի հաղթահարման փուլը, իսկ վարչապետ Փաշինյանը հավելեց, որ շանս ունենք աշնանը հաղթահարելու վիրուսի տարածումը։
«Ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որ կայացրել եմ: Երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- այս մասին էլ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում։
Լավատեսական տոներից անմասն չմնաց նաև նախագահը, ով հայտարարեց, որ եթե անգամ կորոնավիրուսի երկրորդ ալիք լինի, ապա երկիրը պատրաստ է դրան։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտաքին քաղաքականությունն այս շաբաթ ևս գտնվում էր Լիբանանին և լիբանանահայերին օժանդակություն ցուցաբերելու ծիրում։
Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ 3 ինքնաթիռները, որոնք հումանիտար օգնություն էին տարել Լիբանան, իրենց հետ Հայաստան են բերել 101 լիբանանահայերի։ Այս խնդիրը օրակարգային է դարձել ՀՀ կառավարության համար, որին ի հավելում Զարուհի Բաթոյանը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո լիբանանահայերը որևէ այլ երկիր չտեղափոխվեն, ինչպես դա եղավ սիրիահայերի դեպքում։
Հայտնի դարձավ նաև, որ լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքվել է շուրջ 195 հազար դոլար։
Շաբաթավերջին լուրջ ակտիվություն ցուցաբերեց ՀՀ ԱԳՆ-ն՝ կապված Արևելյան Միջերկրականում թուրքական ագրեսիայի հետ։ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ ուշադրությամբ հետևում են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի սադրիչ գործողություններին և Հայաստանի անվերապահ աջակցությունը փոխանցեցին Կիպրոսին ու Հունաստանին։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Ներքաղաքական կյանքում լուրջ քննարկումներ առաջացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «Hard talk» հաղորդաշարին տված հարցազրույցն ու Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու հանգամանքը։
«Խաղաղություն չի կարող հաստատվել Հայաստանի միակողմանի գործողությամբ: Մենք իրական խաղաղություն կունենանք, եթե Ադրբեջանը ընդառաջի Հայաստանի ջանքերին»: Այս մասին «Hard talk» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ Ընդդիմադիրները հիմնականում քննադատեցին ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ոչ հստակ ձևակերպումներն ու վարչապետի լեզվական կարողությունները։
Հանրային դաշտի արևմտյան և ազատական կողմնորոշում ունեցող հատվածն էլ քննադատեց վարչապետի կողմից Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակի առթիվ հղված շնորհավորական ուղերձը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը։ Դիմադիրներն ու ընդդիմադիրները ափսոսանք հայտնեցին՝ վերջինիս կողմից քաղաքականությունից հեռացումը։
Շաբաթվա սկզբում դեռևս ակտուալ էր մնում Վլադիմիր Գասպարյանը։ Մի շարք հարցազրույցներում նա շարունակեց քննադատել գործող իշխանություններին, իսկ իրենից հետո եկած ոստիկանապետերին որակեց «բարդույթավորված» պաշտոնյաներ։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Կառավարության օգոստոսի 13-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ծրագրից դժգոհ մնացին հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցրեց 400 մլն դոլարի ներդրումը Ամուլսարի ծրագրում։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Կրթության նախարարությունը սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը վերսկսելու վերաբերյալ հայտարարեց, որ ուսման կազմակերպման մասին ամբողջական և հստակ պատկերացում կա: Դասարանները, որտեղ շատ են աշակերտները՝ 30 և ավելի, կբաժանվեն խմբերի: Բուհերում դասերը վերսկսելու մասով էլ քննարկվում է հիբրիդային մոդել: «Քննարկվում են և՛ առկա, և՛ հեռավար ուսուցման եղանակներ։ Նախնական քննարկումները դասերը սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 15-ը սկսելու մասին են», – հայտարարել է պարետ Ավինյանը։
Ազգային արժեքների պաշտպանության պահանջով սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ անժամկետ հացադուլ է հայտարարել։ «Իմ հացադուլի նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն»,-հայտարարել է Իսոն։
ԻՐԱՎԱԿԱՆ
Ոստիկանության ՊՊԾ գունդը 2016-ի հուլիսին գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունն արդեն մոտենում է ավարտին։ Գլխավոր դատախազությունը միջնորդել է Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման, իսկ զինված խմբի մյուս 5 անդամներին էլ՝ 8-ից 9 տարվա ազատազրկման։
Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմն էլ ահազանգել է գեներալի առողջական վիճակի վատթարացման և վերջինիս նկատմամբ առողջապահական համակարգի պատասխանատուների անուշադրության մասին։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի լսումը շարունակվել է երեքշաբթի օրը, հետաձգվել է մինչև սեպտեմբերի 8-ը: