Սեպտեմբերի 3-ից ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով հաղթող ճանաչված և ՀՀ արդարադատության ակադեմիայում հատուկ մասնագիտացման առարկայական ծրագրով ուսումնառություն անցածներից հինգ անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին։
Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել և անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։