Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության Facebook-ի էջը։
Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:
Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում։
Հիշեցնենք, որ Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել հոկտեմբերի 12-ին։ Դիլանյանը ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։ Նա ինքնառաջադրվել էր։ Բացի նրանից, առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: