ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն՝ գրելով։
««Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:
Սակայն, հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ փաստաթուղթ՝ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:
Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: