ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այս մասին հայտնել է ԱԱԾ-ն։
Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Միաժամանակ, հաղորդվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումը բացառապես անձի ազատ կամարտահայտության պայմաններում, իսկ այդ հավաքներին մասնակցելուն պարտադրելու բոլոր դեպքերը հայտնաբերվելու են, խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նախաձեռնվելու են պատասխանատվության խիստ միջոցներ:
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։
Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում անցկացվեց ընդդիմադիր 16 կուսակցությունների հանրահավաքը։