Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին տեղափոխում են Երևանի Քննչական կոմիտե։ Այս մասին Armenia Today-ին ասաց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանն այս պահին Առուշանյանի կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն չունի, անգամ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել։
«Առավոտյան ժամը 06:00-ից մինչև այս պահը մենք որևէ տեղեկություն չունենք իր վերաբերյալ՝ ի՞նչ կարգավիճակ ունի, որտե՞ղ է, ի՞նչ գործողություններ են արել նրա մասնակցությամբ»,- ասաց Մելքոնյանը։
Քննչական կոմիտեից էլ Armenia Today-ի տեղեկացրեցին, որ քրեական գործը չեն ստացել, հետևաբար, մանրամասներ չեն կարող հայտնել։ Խոստացան քիչ հետո պաշտոնական տեղեկություն տարածել։
Հիշեցնենք, որ առավոտյան Առուշ Առուշանյանը ձերբակալվել է։ Գորիսի քաղաքապետը երեկ հայտարարել էր, որ պատրաստվում են փակել դարպասներն ու թույլ չտալ, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիս այցելի։
Հիշեցնենք նաև, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ավելի վաղ գրել էր, որ Առուշ Առուշանյանին առևանգել են։
Հարկ է նկատել, որ Առուշանյանը Քննչական կոմիտեում հարուցված մի քրեական գործով է անցնում, որով չունի մեղադրյալի կարգավիճակ, հարցաքննվել է որպես վկա։
Այս տարվա ամռանն Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։