ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ. Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր։