20 իրավաբաններ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու պետական դավաճանության հիմքով:
Ըստ հայտարարության՝ վերջիններս ընդգծել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանների սահմանագծման վերաբերյալ հայտարարությունները խնդրահարույց են։
Մասնավորապես, ըստ իրավաբանների, վարչապետը նշել է. «… Սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով:․․․Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Ի պատասխան՝ իրավաբանները մեջբերել են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի դրույթները, ըստ որոնց՝ սահմանակից պետությունների հետ իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է տարածքային ամբողջականության, միջազգային պարտավորությունների, սահմանային հարցերի խաղաղ լուծման ճանապարհով:
«Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ»,-նշել են նրանք։
Ըստ իրավաբանների՝ վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որևէ իրավական առնչություն չունեցող դեռևս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։
Ըստ նրանց՝ վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ և ԱՀ միջև միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի և Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ «մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարևոր և անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս – Կապան ավտոճանապարի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր և բարձունքներ»:
Իրավաբաններն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքների սահմանազատումը բավականին ցավոտ են․ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը»,-նշել են իրավաբանները։
«Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության, այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ: Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ այս գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած և պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ»,-նշում են իրավաբանները։
Ըստ իրավաբանների՝ վերը նշված փաստական տվյալները վկայում են հանցագործության մասին։
«Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու և խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ և որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք, մնալով պաշտոնում, կարող են շարունակել հանցավոր գործունեությունը և խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը»,-նշել են իրավաբանները։
Իրավաբանները նաև նշել են, որ ձեռնարկվել են քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:
«Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերից և, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում:
Ղազինյան Գագիկ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դիլբանդյան Սամվել – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խաչիկյան Հարություն – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գաբուզյան Արա – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Այվազյան Նորիկ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մարգարյան Աննա – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ստեփանյան Վահե – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Դանիելյան Գևորգ – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննիսյան Վլադիմիր – իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Իսկոյան Աիդա – իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր
Այվազյան Վարդան – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դավթյան Տաթևիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մուրադյան Սամվել – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ենգոյան Հասմիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մելիքյան Ռուբեն – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Վարդազարյան Տիրայր – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Վարդանյան Քնարիկ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Խաչիկյան Տիգրան – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Եսայան Վարդուշ – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ասատրյան Աննա – իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։