ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր․ ««Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից:
Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի» գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է: