ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը գրառում է
արել, որում անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ձևակերպումներին, որոնք նա այսօր արել էր Գյումրի կատարած այցի ժամանակ:
Հայտարարելով իրենց ճանապարհը փակելու և այցը խոչընդոտելու մասին՝ Վ. Մանուկյանը նշել էր. «Համոզված եմ՝ «Իմ քայլն» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ ՄԻՊ-ը գրել է. «Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:
Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»: