Մինչև հունվարի վերջ ՀՀ-ն գանգատ կներկայացնի ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցում նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հայտնել է, որ գանգատում կներառվեն աշնանային պատերազմի ցավալի հետևանքները, որ կրեց հայ ժողովուրդը՝ սկսած զոհերից, վիրավորներից, ներառյալ գույքային վնասները։
«Մեր մոտ պարզ ձևով ներառվելու են կոնկրետ պահանջներ, որոնք վերաբերելու են կյանքի իրավունքի խախտմանը, խոշտանգման դեպքերին։ Մենք արդեն ապացույցներ ենք ներկայացրել Ադրբեջանում պահվող գերիների իրավունքների մասով։ Միջանկյալ միջոցների շրջանակում մեր գրասենյակը՝ անձնաց հետ վատ վերաբերմունքի, այլ խախտումների մասով արդեն իսկ դատարան է ներկայացրել կոնկրետ փաստեր, և հիմա այդ ամբողջը համակարգվում է մեկ միջպետական գանգատի շուրջ»,- նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Նա նաև հայտնել է, որ արձանագրվել են սեփականության և գույքային իրավունքի վնասներ, որոնք բավականին շատ են՝ սկսած շարժական ու անշարժ գույքից։ Կիրակոսյանը, սակայն, դժվարացավ գնահատել, թե որքան է կազմում նյութական վնասների չափը։
«Դատարանը մեզ այդ հնարավորություն կտա, և մենք կգնահատենք վնասները»,- նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների խնդրին՝ Կիրակոսյանը նշեց, որ դատարան են ներկայացվել բավականին մեծ թվով անձնաց իրավունքների պաշտպանության պահանջներ, դատարանին խնդրել են իրավական միջոց կիրառել, ցավոք սրտի, Ադրբեջանը շատ անհարգալից է դատարանի, ԵԽ-ի հանդեպ։
Նա նաև պարզաբանեց, որ նման գործերի էությունն այն է, որ դատարանին ներկայացվում են պահանջներ՝ կապված այն անձանց հետ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, և մինչև հակամարտության վերջանական կարգավորմանը հասնելը, այդ մարդկանց կյանքին ու առողջությանը լուրջ վնաս է սպառնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահված անձանց և զոհվածների մարմինների փոխանակում։