Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, բավարարել է ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և, ցավոք, պարոն Բադասյանը երկամսյա կալանքի տակ կմնա»,-հայտնեց փաստաբանը:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Վ. Բադասյանը Եռաբլուրում հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև թշնամի: Այսինքն, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք նաև զենքի միջոցով: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար անում, և թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Ինքը պետք է վերանա և հեռանա»,- հայտարարել էր Բադասյանը:
Ավելի ուշ Վահան Բադասյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ:
Հավելենք նաև, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը հունվարի 29-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին։