«Վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են»։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով որոշ իրավապաշտպաններին։
«Առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իմ հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առթիվ», – նշել է Բադասյանը՝ խորհորդ տալով նման հայտարարություններ անելուց առաջ լիովին տիրապետել ամբողջ տեղեկատվությանը:
«Իմ հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ուսումնասիրության հիման վրա: Իրավապաշտպաններին տեղեկացնեմ, որ վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ին 4532 ազատազրկվածների շրջանում արձանագրվել է 37 (0.70%) մահվան դեպք, 2012թ-ին՝ 4756-ից 28 (0.58%) և այլն (տես գրաֆիկական պատկերում): Այսպիսով, մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի պարագայում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկումներում»,- նշել է Բադասյանը։
Նա հայտնել է նաև, որ 2019 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի տալ գնահատականներ:
«Կարծում եմ՝ դրական վիճակագրությունը, որոշ դեպքերում, կարելի է զուտ ընդունել ի գիտություն»,-նշել է նախարարը՝ կից հրապարակելով վիճակագրության մանրամասները պատկերող գրաֆիկ։