ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն, պատասխանատու լինելով աշխատանքային պայմանագրի շրջանակներում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գործունեության հետ կապված բոլոր գործառույթների պատշաճ իրականացման համար, 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարներին»։
ԱԱԾ-ն հայտնում է, որ նշվածից հետո նույն ժամանակահատվածում նա կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար:
«Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։