Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Նշենք, որ պաշտպանական կողմը դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Դատարանն այս պահին քննարկում է միջնորդությունը։
Միջնորդության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը։
«Հարգելի դատարան, դժվարությամբ էի ինձ զսպում՝ բարձրաձայնելու այն հիմնական կասկածը, որն ինձ հանգիստ չէր տալիս․ Ինչի՞ մասին եմ լռել, որի վերաբերյալ այսօր պետք է բարձրաձայնեմ։ Այս ողջ դատավարությունը, ողջ գործընթացը մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկն է եղել։ Հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր մեր հասարակությանը բաժանել սևի և սպիտակի, վարկաբեկել մեր հաղթանակի հերոսներին ու զինվորներին»,-ասաց Ա․ Գևորգյանը։
Աննա Դանիբեկյանն ընդհատեց նրան՝ շեշտելով, որ Ա․ Գևորգյանի ելույթը չի վերաբերում միջնորդությանը։
Ավելի ուշ Արմեն Գևորգյանի փաստաբանը հրապարակեց նրա ամբողջական ելույթը, որում նաև նշված էր․
«Ցավում եմ, բայց վերջին ամիսների զարգացումները երկրում ստեղծել են մի իրավիճակ, երբ մեզնից յուրաքանչյուրը պարտադրված է կատարել ընտրություն՝ կամ դավաճան ես, գործակալ ես, կամ հայրենասեր ես։ Սրանք ոչ թե պարզապես պաթետիկ խոսքեր են, այլ՝ այսօրվա իրականության պարտադրած չոր անհրաժեշտություն։ Այս դահլիճում գտնվողներս նույնպես մեր հոգու խորքում կանգնած ենք այդ ընտրության առաջ։ Դա լինելու է մեր անձնական որոշումը, և ոչ մի իշխանություն չի կարող մտնել մեր հոգիները և ստիպել մեզ՝ չլինել հայրենասեր։ Դա լինելու է ընտրություն ոչ թե ամիսների կամ տարիների համար, այլ քայլ՝ հետագա ողջ գիտակցական կյանքի համար։ Ես իմ ընտրությունը կատարել եմ։
Հիշեք՝ դահլիճի այս կողմում նստած հերոսները պարգևել են հայ ժողովրդին արժանապատվության և հպարտության առնվազն երկու տոն՝ Մայիսի 8՝ Շուշիի ազատագրման և նոր հաղթանակի տոնը և Սեպտեմբերի 2՝ Արցախի անկախության տոնը»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում,
նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Հիշեցնենք նաև, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։