Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Արմեն Բաղդասայանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Hetq․am-ը։
Նշվում է, որ վերջինս նույն գործի շրջանակներում կալանավորված Դավիթ Գալստյանի մորեղբոր որդին է։ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդության քննությունը սկսել էր այսօր։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Այս գործով Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրանք կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։
Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Այսօր առավոտյան Գալստյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը։