Երեկ՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Երևան ԳԳՆ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։ Նշանակվել է փորձաքննություն։
Գ․Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն գիտեն կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Վնասված վերգետնյա գազատար խողովակը վերանորոգելու նպատակով՝ ողջ գիշեր աշխատել են «Երևան ԳԳՆ»-ի ծառայողները՝ տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ Լևոն Թորգոմյանի գլխավորությամբ։