ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել և ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար ՀՀ դրամ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել:
Իսկ նույն Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400մլն ՀՀ դրամ, ինչը 300մլն դրամով ավելի պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից:
Այսինքն՝ ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի վնաս: