Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ երեխաները, ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։ Այս մասին
հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։
Ըստ ՄԻՊ-ի՝ այն պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը:
Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա: