Նոյեմբերի 9-ի իրադարձությունները 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետ պետք է դիտարկել մեկ միասնական պատկերի մեջ։
Այս մասին դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Խուդոյանի արած հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերեց նրա մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը։
«Դատարանը արգելում է քաղաքական հայտարարություններ անել, սակայն մարտի 1-ի գործը ինքնին քաղաքական է»,- ասաց Ալումյանը՝ հավելելով․
«Մեղադրական եզրակացության մեջ տրված են քաղաքական գնահատականներ, և դրա դեմ փաստարկ ներկայացնելիս հնարավոր չի խուսափել որոշ գնահատականներից։ Դրանք քաղաքական գնահատականներին տրվող իրավական պատասխաններ են»։
Ալումյանը համոզված է, որ այս դատավարությունն ի սկզբանե անարդար էր՝ գործն Աննա Դանիբեկյանին հանձնելով։ Մի դատավորից՝ Դավիթ Գրիգորյանից, գործը խլեցին ու տվեցին դատավորի, որի վերաբերմունքն այս գործի հանդեպ խիստ հակադիր էր պաշտպանական կողմի կարծիքին։ Ալումյանն ասաց, որ, ի դեմս Դանիբեկյանի, ընտրվել է ամենախոցելին կամ ամենախոցելիներից մեկը՝ բոլոր հնարավոր դատավորներից։
Ալումյանն ընդգծեց, որ այս իշխանություններն ամեն ինչ կանեն այն դատավորների դեմ, որոնք Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր կդասեն իշխանության կողմից իջեցված պատվերներից։