Նախկինում, երբ որևէ քրեական գործ էր հարուցվում, ապա որպես խափանման միջոց ընտրվում էր կալանքը՝ շատ դեպքերում, երբ անգամ չկար դրա անհրաժեշտությունը։ Սրանով է պայմանավորված նաև ՀՀ-ից բազմաթիվ դիմում-բողոքները Եվրոպական դատարան։ Դա ազդում էր Հայաստանի միջազգային հեղինակության, ժողովրդավարության ինդեքսի վրա և իր արտացոլումն էր գտնում միջազգային բազմաթիվ զեկույցների մեջ։ ԱԺ լիագումար նիստի ժամանակ այս առնչությամբ հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ ուղղված Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին։
Ստեփանյանը կարծում է, որ որոշ դեպքերում հիմա հակառակ պատկերն է, այսինքն՝ ոլորտից հեռու մարդուն անգամ պարզ է, որ պետք է ընտրվի կալանքը որպես խափանման միջոց, սակայն այդպես չի արվում։
«Դատական ակտի մասին ես կարող եմ կարծիք հայտնել, եթե առնվազն ուսումնասիրել եմ այն։ Դատավորը, ստանձնելով այդ բարձր պաշտոնը, երդվում է իր լիազորությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Չեմ կարող հասկանալ՝ ինչ է նշանակում, թե դատավորը նախկինում այսպես էր վարվում, այժմ՝ այսպես․․․»,- մեկնաբանեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն։
Նրա խոսքով՝ հանրային ընկալումը կարող է բոլորովին այլ լինել, բայց յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, յուրաքանչյուր դատական ակտ յուրահատուկ է։
«Ես հակված չեմ այդպես մտածելու և չե՛մ ուզում այդպես մտածել։ Դատավորը չպետք է թույլ տա նաև, որ հանրության կարծիքն ազդի իր որոշման վրա»,- ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
ԱԺ նիստում նրա կենսագրությունը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: