ՀՀ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։
Պողոսյանը, մասնավորապես, նշեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի խափանման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից, իսկ Յուրի Խաչատուրովի դեպքում դրա անհրաժեշտությունը չկա։
Նշենք, ու գործով դատախազները չհամաձայնեցին ներկայացված միջնորդությանը։ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Ի դեպ, Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հենց այս գործը հարուցելու պատճառով, որը մեծ աղմուկ բարձրացրեց ՀԱՊԿ շրջանակում:
Հիշեցնենք նաև, որ գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: