Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2020 թվականի ընթացքում մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:
Վարդանյանի խոսքով՝ 2020 թվականին հաջողվել է արձանագրել բացահայտումների աճ: Մասնավորապես` արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 141%-ով (177 իրավախախտում՝ 2018 թվականին), իսկ 2019թ. ցուցանիշը՝ 112%-ով (202 իրավախախտում՝ 2019 թվականին): Ընդ որում, 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020թ. կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 5 փորձ:
«Թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման դեպքում գործ ենք ունենում անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի հետ, և նրանց գործունեության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը մեր առջև դրված առաջնային խնդիրներից է»,-ընդգծում է Վարդան Վարդանյանը:
Հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծումների ժամանակ: Մասնավորապես՝ փոստային առաքումների միջոցով բացահայտվել է Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 240 դեպք, որը կազմում է թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82%-ը:
Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք է բացահայտվել (2019 թվականին 37 դեպք) մեծամասամբ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում:
2020թ. ընթացքում ՄԴՊ վարչությունը հայտնաբերել է նաև 121 բջջային հեռախոս, շուրջ 1 կգ ոսկյա զարդեր, շուրջ 72 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: