Վահան Բադասյանն ազատ արձակվեց
Ինձ առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը՝ ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո:
«Այս քանի օրը ես գտնվել էի ֆիզիկական և հոգեբանական խոշտանգման պայմաններում: Ես գտնվում էի հետվիրահատական կարևոր բուժման մեջ և այս տեսակետից փաստորեն 15 օր խախտվել են իմ իրավունքները»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իրեն առաջադրված մեղադրանքները չեն համապատասպանում իրականությանը:
«Ինձ կարող էին մեղադրել սպառնալիքի, բռնի կոչերի հոդվածով, որը կալանավորում չի նախատեսում, այլ նախատեսում է մեկ տարի ազատազրկում: Ես այդ հայտարարություններն արել էի, որպեսզի ինձ կալանավորեին և ես այնտեղ ասեի, թե ինչու եմ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին թշնամի անվանում: Բայց ինձնից ցուցմունք չեն վերցրել»,- ասել է Վահան Բադասյանը:
Ավելի վաղ, փաստաբան Արայիկ Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: