Երկու տղամարդ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայացել են որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։
Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
ՀՀ ոստիկանությունը դիմում է Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ կոչ անելով վստահել բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավապահներին։