Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում մի շարք հարցերի է անդրադարձել:
Մասնավորապես, անդրադառնալով հարցին, նոյեմբերի 9-ից հետո անձամբ մտածել է հրաժարականի մասին, թե ոչ, Ռ. Բադասյանը պատասխանել է.
«Եթե անկեղծ լինեմ՝ եղել են պահեր, որ մտածել եմ հրաժարականի մասին, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի եղել պատճառը: Նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքով երբևէ չեմ մտածել հրաժարական տալ»:
Դիտարկմանը՝ այսինքն, համամի՞տ է այն ամենի հետ, ինչը տեղի ունեցավ, հարցին հարցով պատասխանելով՝ նա նշել է. «Օրինակ՝ ինչի՞ հետ»:
Դիտարկմանը, որ կորցրինք Արցախի 75 տոկոսը և պարտված իշխանությունը շարունակում է մնալ, նա արձագանքել է.
«Տարածք, որ տոկոսով է կորսվել, դա փաստ է, դրա հետ համամիտ կամ ոչ համամիտ չեն լինում: Այլ հարց է, թե ինչու է պատերազմը նման ելք ունեցել։ Այստեղ մեղադրել գործող իշխանությանը, կարծում եմ՝ դրա պատասխանը պետք է տա հասարակությունը»:
Հարցին, թե կան կարծիքներ կան, որ եթե իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի մի շարք անդամներ կանգնելու են օրենքի առաջ ու պատասխան են տալու ու ինչ է կարծում՝ կա՞ մի բան, որի համար Փաշինյանին և նրա թիմի անդամներին քրեական պատասխանատվություն է սպասվում, Ռ. Բադասյանը նշել է.
«Բնականաբար՝ ոչ: Այն ուժերը, որոնք սովոր են իշխանություններ ձևավորել, նրանց օրոք ցանկացած մարդ ապօրինի հրամանով կարող է կանգնել դատարանի առաջ: Շատ պրիմիտիվ են այս խոսակցությունները: Չկա մի բան, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: