ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ չափահաս քաղաքացու, որը, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, կապ է հաստատել 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին:
Դրանից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ տուժողներ, որոնք դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: