Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով։
ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի և խնդրել, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։ Դատական նիստը կամ նիստի մի մասը դռնփակ անցկացնելու միջնորդությունը նույնպես քննարկվում է դռնփակ նիստում։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: