ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: