«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալված Արամ Սարսգյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրել է.
«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։ Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝
-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։
Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։
Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։ Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։ Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։
Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»:
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։ Ձերբակալությունների վերաբերյալ երեկ հաղորդագրություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը: