Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Գագիկ Ջհանգիրյանի` ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առաջարկով այսօր խորհրդի հերթական նիստից հետո կքննարկվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատատավոր Կարինե Պետրոսյանի դիմումն՝ ուղղված խորհրդի նախագահին։ Խորհուրդը դիմումն է քննելու, իսկ լիազորությունների դադարեցման հարց չի կարող քննարկել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ուղղված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ նա դադարեցնի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը: Դատավոր Պետրոսյանի պնդմամբ, Դատական օրենսգրքով նախատեսված է տարիքային սահմանափակում։
Հիշեցնենք, սակայն, որ այդ առնչությամբ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, թե գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում: