Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ գրասենյակը:
«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը»:
Հիշեցնենք, որ Ժոզեֆ Սիգելեը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նշելով, որ զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների: