ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Արթուր Դավթյանի ներկայացմամբ՝ օրինագծով առաջարկվում է դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին նշանակել դատավորի կենսաթոշակ:
Նախագիծը տարածվում է այն անձանց վրա, որոնց լիազորությունները դադարել են կամ դադարեցվել են ուժի մեջ մտած վճռով՝ անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով:
Խորհրդարանականի խոսքով, սակայն, կա նաև բացառություն՝ դատավորի թոշակ չի նշանակվում, երբ անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Այդ դեպքում դատավորի կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում և վճարվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ:
«Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ»,- առաջարկությունները ներկայացրեց պատգամավորը։
Նշենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հեղինակել են «Իմ քայլից» Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը:
Ըստ հեղինակների՝ ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը: