Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը նախագահական նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել, որով պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ սահմանադրությունն ուղիղ նախատեսում է, որ հանրապետության նախագահը պետության գլուխն է և ինքն է հետևում սահմանադրության պահպանմանը։
«Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի կողմից ներկայացված՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագիծը վերադարձնելով, իր առարկություններում նշել է, որ «հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ սա հաշվի առնելով, այնուամենայնիվ, նախագահը դեռ չի դիմել ՍԴ, թեև այսօր դա անելու հնարավորության վերջին օրն է, այսինքն՝ անգործության է մատնված։
Զոհրաբյանը կարծում է, որ ՍԴ քաղաքակիրթ հարթակի միջոցով վեճը լուծելու փոխարեն նախագահը նախընտրում է վեճը տեղափոխել փողոց։