Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց։
Դատական նիստի մեկնարկին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է։
«Նա դեռ մարտի 7-ին է տեղափոխվել հոսպիտալ, այս պահին գտնվում է այնտեղ՝ բուժման մեջ»,-ասաց նա։
Հաշվի առնելով, որ առանց Սեյրան Օհանյանի դատական նիստը չի կարող կայանալ, դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստը հետաձգելու որոշում կայացրեց։ Այն տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: