ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումները վերադարձնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքներից մեկը մակագրվել է դատավոր Կարեն Ավետիսյանին, մյուսը՝ դատավոր Արթուր Առաքելյանին։ Այս մասին տեղեկացանք Դատական-տեղեկատվական համակարգից։
Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից երրորդը դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել։ Դատավորն այդ գործով բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։ Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու, եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։ Իսկ երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես՝ հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։