ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ խնդրելով անվավեր ճանաչել 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամանները, պարտավորեցնել պատասխանողին ընդունելու բարենպաստ վարչական ակտ և Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում, որպես ածանցյալ պահանջ՝ վերացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա հրամանը՝ ներառելով Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել բոլոր տեսակի բավարարումները։
Միաժամանակ հայցադիմումում ներկայացվել է հայցի ապահովման մասին միջնորդություն, որով հայցվոր Տիրան Խաչատրյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի 10.03.2021թ. որոշմամբ վարույթ ընդունելու հանգամանքի և ՀՀ նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա կասեցված հրամանագրի առկայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամանները, իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը՝ թիվ 830-Ա հրամանը, որով խախտել են և շարունակաբար խախտում են իր իրավունքների իրացումը:
Ընդ որում, վերոգրյալի հաշվառմամբ, հայցվոր կողմի գնահատմամբ միայն հայցի ապահովման հետևյալ միջոցը, այն է՝ հայցվորի հայցի ժամանակավոր բավարարումը, կարող է ապահովել ինչպես հայցվորի արդար դատաքննության իրավունքի գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը, այնպես էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր չի լինի, և այդ հարցում առկա կլինի որոշակիություն, հետևաբար նշված միջոցի կիրառումն ուղղված է բացառապես հետագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարման ապահովմանը»,-ասված է գործում։
Այդուհանդերձ, դատավորը որոշել է Տ․ Խաչատրյանի հայցի ապահովման մասին միջնորդությունը մերժել:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ է արվել փետրվարի 24-ի երեկոյան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» համալիրի օգտագործման վերաբերյալ հայտարարությունը մեկնաբանելու համար: Փետրվարի 25-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ և աշխատանքից ազատեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։