Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած գործընթացների մասով։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացին։
Նրա դիտարկմամբ՝ կա դատական որոշում, Դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտերը ենթակա՞ են բողոքարկման, թե՞ ոչ։
«Ամեն գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, և չի կարելի բոլոր հարցերի պատասխանն ակնկալել քաղաքական իշխանությունից։ Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ»,- նշեց նա։
Արդարադատության նախարարը խոստովանում է՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հիմնական պատասխանատուն ինքն է։
Նրա խոսքով՝ քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի իրականացվել։ Ռուստամ Բադասյանը պատրաստ է կրել դրա քաղաքական պատասխանատվությունը։
«Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումների և վեթինգ չիրականացնելու համար։ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու մեր պայքարը չի ավարտվել, և անձնապես իմ պայքարը չի ավարտվել»,- նկատեց նախարարը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն արդարացվեցին․ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն 300․1-ի մասով։