Անհանդուրժողականության մակարդակը շատ բարձր է մեզ մոտ: Այս ամենը ավելի է խորացնում բևեռացումը, ինչն անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նշել է, որ շուտով Ազգային ժողովում կներկայացնի ՄԻՊ տարեկան հաղորդումը:
Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է այս ընթացքում իր կողմից արված բոլոր գնահատականներն ու դիրքորոշումները՝ կապված սահմանազատման հետ:
«Անվտանգության գոտու հետ կապված հայեցակարգային նոր դետալներ են մշակվում, որոնք ներկայացնելու են միջազգային կառույցներին»,-կրկին կարևորելով անվտագության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝ հայտնել է ՄԻՊ-ը:
Անդրադառնալով գերիների խնդրին՝ նա ընդգծել է. «Ադրբեջանն այդ հարցն ակնհայտորեն քաղաքականացնում է ու շահարկում տարբեր հարթակներում: Ադրբեջանի նպատակն է օգտագործելով մեր հայրենակիցների գերի լինելու փաստը, և այդպես այստեղ լարված պահել մթնոլորտը»:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանն ու նրա նկատմամբ հարուցված քրգործին՝ ՄԻՊ-ը նշեց, որ հետևում է ԲԴԽ-ի շուրջ առկա գործընթացներին:
Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ իշխանության հաջորդ թիրախում ՄԻՊ-ն է լինելու, և, ինչպես ԲԴԽ նախագահից, այնպես էլ իրենից ազավելու հնարն իշխանությունը կգտնի՝ Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ն անկախ կառույց է:
«ՄԻՊ-ն իրականացնում է իր լիազորությունները և ինձ համար նշանակություն չունի, թե ով ինչպես է ընկալում այն: Ես չեմ աշխատում ինչ-որ մեկին դուր գալու համար, կատարում եմ իմ պրոֆեսիոնալ աշխատանքը»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության որոշ ներկայացուցիչներ պահվածքին՝ նաև իր դեմ տարվող արշավների համատեքստում՝ նա հավելեց.
«Ցավոք, մեր երկրում կան որոշ պաշտոնյաներ, որոնք իրենց կարգավիճակի վերաբերյալ ձևախեղված պատկերացումներ և պատասխանատվության գրեթե իսպառ բացակայություն ունեն: Նրանց պահվածքը խիստ վտանգավոր է մարդու իրավունքների տեսանկյունից: Նրանք իրենց անօրինական, անպատասխանատու պահվածքով խաթարում են համերաշխությունը, խախտում մարդու իրավունքները: Հաշվի առնելով այս ամենը՝ այդ պաշտոնյաների գրառումների վերաբերյալ գրություններ եմ ԱԱԾ և ոստիկանություն: Այդ պաշտոնյաների անպատասխանատու պահվածքը էլ ավելի մեծացնում երկրում առկա լարվածության մթնոլորտը»:
Նա հայտնեց, որ մեկ գրություն է ուղարկել նաև Դատախազություն: