Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կքրեականացվի: Ազգային ժողովը մայիսի 4-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկեց ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, օրինագծով նախատեսվում է խստացնել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանված պատիժը: Փոխնախարարը նշեց, որ օրինագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որը կատարվել է պաշտոնական անձի կողմից:
Նախատեսված է նաև քրեական պատասխանատվություն այն դեպքում, երբ նման գործողություններն ուղեկցվել են լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի կյանքին և առողջությանը սպառնացող բռնության սպառնալիքով:
«Այս փոփոխությունները թույլ կտան ապահովել իրավական որոշակիությունը, պատժի անխուսափելիությունը, ինչպես նաև լրագրողի՝ տեղեկատվություն հավաքելու և ստանալու իրավունքի պաշտպանությունն ու ապահովումը»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնել էր, որ Հայաստանում ավելացել է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի թիվը: 2021 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 7 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2019-ի նույն ժամանակահատվածում եղել է 2 նման դեպք, իսկ ամբողջ 2020-ի ընթացքում արձանագրվել է 6 նմանատիպ միջադեպ։
Նշենք, որ նոր նախագծով հստակեցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիան՝ քրեորեն պատժելի համարելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից: