Չի բացառվում, որ իրավապահ մարմիններն ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որով կխաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ։ ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Ես հրաժարվել եմ ընդհանրապես որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր իրականացնում։ Ես շփվում եմ տարբեր մարզերի գործընկերների հետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, ինչ-որ տարիներ շարունակ քննվող քրեական գործերով պարզաբանում ստանալու և այլն», – նկատեց նա։
Արմեն Գևորգյանի համար հասկանալի չէ մեղադրանքն այն պարզ պատճառով, որ ինքը դրան չի ծանոթացել։
«Ինձ դա չի հետաքրքրում, դա մակուլատուրա է»,-հայտարարեց նախկին փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1֊ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար, և գործը միացվել է Մարտի 1֊ի գործին։
Մանրամասները՝ տեսանյութում․