Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն ևս Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին։
Armenia Today-ը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել է մասնավորապես Եվրոպական խորհրդարանի բանաձևից բխող հնարավոր հետևանքներին։ Արա Ղազարյանի խոսքով՝ սա բանաձև է, որը կարելի է վկայակոչել, բայց ոչ ավելին։
«Մեծ հաշվով, այն պարտավորեցնող չէ, որովհետև Ադրբեջանը ԵՄ անդամ չէ։ Այս դեպքում այն չէր էլ կարող պարտավորեցնող լինել։ Միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ այն շատ հեղինակավոր, միջազգային կազմակերպության օրենսդիր մարմնի որոշում է, ինչը նշանակում է, որ ցանկացած այլ պետություն, առնվազն ԵՄ պետությունները համակարծիք են այդ եզրահանգման հետ, որովհետև Եվրախորհրդարանը ներկայացուցչական մարմին է։ ԵՄ երկրները, նաև Եվրոպական խորհրդարանի պետությունները կարող են վկայակոչել այն իրենց քաղաքական հայտարարություններում, որովհետև նրանք միասնական եվրոպական ժառանգությունն են ընդունում»,-ասաց Արա Ղազարյանը։
Արա Ղազարյանն ամեն դեպքում կարծում է, որ Ադրբեջանի վրա ճնշումը մեծանալու է․ «Նման հայտարարություններ դեռ շատ կլինեն, որովհետև գնալով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծանա, քանի որ այն, ինչ անում է Ադրբեջանը, սպառնալիք է միջազգային անվտանգությանը»։
Անդրադառնալով այս ամենին զուգահեռ Ադրբեջանի ցուցաբերած վարքագծին, նաև այն փաստին, որ գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքուն դատավարական անհիմն գործընթաց է սկսել՝ Արա Ղազարյանը նշեց դրա իրավական բնույթի մասին ու հավելեց․
«Մենք գիտենք, այո, որ սա բխում է Ադրբեջանի հանրային քաղաքականությունից, այն է՝ ռասիզմ հայերի նկատմամբ։ Գիտենք նաև, որ այդ դատավարությունն իրական հիմքեր չունի, քանի որ առաջին հերթին դա հրապարակային չէ։ Նույնիսկ այդ անձանց հնարավորություն չի տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ, որն արդեն իսկ կասկածի տակ է դնում արդար դատավարությունը»։
Ի վերջո, Ադրբեջանը տեղի կտա՞ միջազգային հանրության ճնշումներին՝ վերադարձնի ռազմագերիներին։ Արա Ղազարյանն այլ տեսանկյունից է դիտարկում խնդիրը․
«Քանի որ քաղաքացիները մեծամասամբ ինֆորմացված չեն, մեզ համար դժվար է հասկանալ Ադրբեջանի նման դիմադրությունը միջազգային հանրությանը։ Աստիճանաբար տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ու պարզվում է, որ զուգահեռ բանակցություններ են ընթացել։ Հիմա էլ սահմանագծման, սահմանազատման գործընթացների մասին է հայտարարվում։ Բացի այդ, կարծես թե, այսօր խաղաղության պայմանագիր էլ է դրված սեղանին։ Եթե բանակցություններ են ընթանում, ավելի պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը գնում այդ ռիսկին և ընդդիմանում միջազգային հանրությանը․ բանակցությունների սեղանին ուզում է ձեռքին հաղթաթուղթ ունենալ, ուղղակի մենք քիչ ենք ինֆորմացված՝ դրդապատճառները հասկանալու համար»։