ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել՝ ուղղված որոշ պաշտոնյաների և գործիչների:
Գրառման մեջ նշված է.
«Կարևոր փաստ` ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների.
Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Միևնույն ժամանակ հավելենք, որ այս ընթացքում հայտնի դարձավ նոր փաստաթղթի մասին: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային գործընկերների հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու նպատակով:
«Այդ որոշումները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից։ Եթե Ադրբեջանը կատարի այդ պայմանավորվածությունները նաև այն պայմաններով, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», – նշել էր Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»: